Ռուսաստանի աջակցությամբ Արցախի փրկարար ծառայությունը  համալրվել է ժամանակակից տեխնիկայով

10:55, 25 Դեկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև Արցախի ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը նյութատեխնիկական բազայի վերականգնման համար և պատասխանը չի ուշացել: Փրկարար ծառայության  տեխնիկական պարկը   համալրվել է արդի չափանիշներին համապատասխանող՝  «Կամազ և Ուրալ» մակնիշի  հիմքով  ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով և 1 ավտոկրունկով»,-հայտնել են Արցախի փրկարար ծառայությունից:

Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ խմբաքանակով  շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:


© 2009 ARMENPRESS.am