Սյունիքի տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք լինել չի կարող. վարչապետն անդրադարձավ սահմանային իրավիճակին

12:47, 24 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից: Համենայնդեպս մեր դիրքորոշումը, Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ, որը կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, Սյունիքի և ՀՀ-ի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:

Իհարկե, այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Սյունիքի մարզի Որոտանի, երկրորդը` Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն  համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշպանված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նկատեց նաև, որ այս առումով ապատեղեկատվական արտահոսք է տեղի ունենում: «Օրինակ, մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ, այսպես ասած տարբեր ռակուրսներով և դրվագներով: Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ և այդ հարյուրավոր հրապարակումներից համապատասխան մասշտաբային տպավորություն ստեղծվի: Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են:

Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է, այսինքն՝ այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն: Սա արվում է՝ անվտանգությունն ապահովելու համար, իհարկե մենք ունենք նոր իրավիճակ և այդ իրավիճակը նոր իրադրություն է: Այդ նոր իրադրությունը  որոշակի էմոցիաներ է առաջանում, բայց կրկին ասում եմ, մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք, մնում է դա գործնականում իրականություն դարձնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր առավոտյան նաև քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես պետք է այս պրոցեսը կառավարել, որպեսզի հնարավորինս սահուն ընթանա և մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշպանված լինեն:

«Այդ թեման նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր շտաբի պետի հետ եմ քննարկել: Մենք հստակ գիտենք, ընդ որում սանտիմետրի ճշտությամբ, թե որտեղ է, որ մենք կարող ենք խնդիր ունենալ, ընդ որում նախնական կոմունիկացիա եղել է խորհրդակցություն դեռ 10 օր առաջ, և եղել է հանձնարարական, որ նախնական կոմունիկացիա արվի այդ հատվածների բնակիչների հետ ու նրանց մանրամասն տեղեկատվություն տրվի, թե ինչ պրոցես է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ և լիարժեք կփոխհատուցի»,- եզրափակեց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am