Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով

11:23, 24 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:


© 2009 ARMENPRESS.am