Ոստիկանությունը պատ է կազմել Կառավարության շենքի մոտ. քաղաքացիները ոչ ոքի թույլ չեն տալիս ներս մտնել

11:17, 24 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք նախատեսել էին շրջափակել Կառավարության շենքը` թույլ չտալու, որ նիստ տեղի ունենա:

Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ, քաղաքացիներն էլ փորձում են փակել բոլոր աշխատակիցների մուտքը դեպի ներս և չթողնել մասնակցել նիստին:

Դեկտեմբերի 24-ին կրկին հանրապետությունում հայտարարված են անհնազանդության ակցիաներ, գործադուլ ու դասադուլ։ Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է:


© 2009 ARMENPRESS.am