Վարչապետը ՌԴ ԱԻ նախարարի հետ քննարկել է ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր

19:42, 23 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայանության ամրապնդման գործում: «Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով  տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների եւ արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:    

 

 


© 2009 ARMENPRESS.am