«Հայրենիքի փրկության շարժում»-ը պատրաստվում է կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքը

18:58, 23 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը պատրաստվում է դեկտեմբերի 24-ի կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքի բոլոր մուտքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ավարտին ասաց Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Վաղը ժամը 11:00-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020թ. վերջին նիստը: Դիմում եմ բոլորին՝ վաղը, առավոտյան ժամը 10-ից շրջափակել ՀՀ կառավարության շենքը՝ բոլոր կողմերից»,- ասաց Մանուկյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:


© 2009 ARMENPRESS.am