ԱԺ-ում հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման նախագիծ կա. ԱՆ-ն կոչ է անում հանել այն օրակարգից

13:32, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտնում է, որ այդ դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծ կա ԱԺ օրակարգում: Առողջապահության նախարարությունը կոչ է արել այդ նախագիծը հանել օրակարգից: 

Մասնավորապես.

 

Օրենքի մյուս կարևոր հոդվածները և մասնավորապես` հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից:

«Այսօր ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ:

Ուզում ենք հիշեցնել, որ օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները և հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը և տնտեսվարողներին պատրաստվել դրան:

Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն ախուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը և ընդհանուր դիմադրողականությունը:

Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից: Միաժամանակ, պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես նախկինում, քննարկել մեր երկրի բնակչության առողջության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am