Պատմության հետագծով  

08:45, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 թ. դեկտեմբերի 18-ին ստեղծվեց «Արմենպրես» հայկական պետական լրատվական գործակալությունը՝ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։

-1806 թ. դեկտեմբերի 18-ին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։

-1920 թ. դեկտեմբերի 18-ին ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։

-1993 թ. դեկտեմբերի 18-ին ադրբեջանական 60.000-անոց բանակը աֆղան մոջահեդների եւ այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման է անցնում ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով։

-1787 թ. դեկտեմբերի 18-ին Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:

-1892 թ. դեկտեմբերի 18-ին առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:

-1940 թ. դեկտեմբերի 18-ին նացիստական Գերմանիայի կողմից հաստատվեց նախապես ծրագրված «Բարբարոսսա» գործողությունը՝ ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակվելու պլանը:

-1946 թ. դեկտեմբերի 18-ին ծնվել է Սթիվեն Սփիլբերգը՝ ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր:

-1966 թ. դեկտեմբերի 18-ին հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմեթևսը:

-1928 թ. դեկտեմբերի 18-ին ծնվել է Հենրիկ Սիրավյանը՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977):

-1933 թ. դեկտեմբերի 18-ին ծնվել է Ելենա Ալեքսանյանը՝ հայ գրականագետ, քննադատ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

 

Հիշարժան փաստեր

-Բելգիայում պատրաստում են մինչեւ 1,5 տոկոս թնդություն ունեցող գարեջուր, որը կարելի է ըմպել ընթրիքի կամ ճաշի ժամանակ։ Ի դեպ, մինչեւ 1970-ականները նման գարեջուր անգամ դպրոցներում են մատուցել, սակայն հետագայում դրանք փոխարինվել են գազավորված ըմպելիքներով։

-Մի անգամ Էմանուել Լասկերը «ալկոհոլային» շախմատ է խաղացել հունգարացի գրոսմայստեր Գեզա Մարոցիի հետ։ Խաղի կանոնները հետեւյալն էին. նրանց խաղաքարերի փոխարեն ալկոհոլային խմիչքով լի բաժակներ էին, եւ ամեն շահած «խաղաքարը» շախմատիստը պետք է խմեր։ Երրորդ քայլի ժամանակ Լասկերը զոհաբերում է իր թագուհուն, որը 200 գրամանոց վիսկիի բաժակ էր։ Մարոցին միանգամից հարբում է, եւ Լասկերը կարողանում է հեշտությամբ հաղթել խաղում։

-«Ֆորմուլա 1»-ի Աբու Դաբիի գրան պրի մրցանակների հաղթողը ավանդական շամպայնի փոխարեն փրփուրով լի ոչ ալկոհոլային խմիչք է բացում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ իսլամական մշակույթում ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելված է։

-Գարեջուրը եւ սպիտակ գինին մատուցվում են ինչպես տաք, այնպես էլ սառը խորտիկների հետ։

-Կոնյակը, անիսոնի օղին, վերմուտը եւ ռոմը հարմար են թեթեւակի սառեցրած նախուտեստների հետ։ Ընդ որում, անիսոնի օղին խորհուրդ է տրվում մատուցել փոքրիկ սառցակտորներով։ Այդ դեպքում այն ավելի բուրումնավետ է դառնում։

-Կոնյակն ու ռոմը կարելի է առաջարկել թեյի հետ։ Դրանք ուժեղացնում են թեյի բույրը եւ, բացի այդ, ջերմացնում են։ Կոնյակը մատուցվում է շաքարի կտորների եւ կիտրոնի շերտիկների հետ միասին։

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am