Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում. Արման Թաթոյանի հայտարարությունը
11:53, 16 Դեկտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ երկրում ստեղծված այս պատասխանատու օրերին անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
«Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում:
Ֆորմուլան հստակ է. գործող պաշտոնյաների նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի պահանջները խիստ են, քանի որ այդ անձինք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սպառիչ սահմաններով: Բայց դա չի նշանակում, թե որևէ պահանջից դուրս են ոչ պաշտոնյա հանրային գործիչները: Երկրում համերաշխության համընդհանուր մթոնոլորտի երաշխավորման հրամայականը հատկապես հանրային ճանաչում ունեցող անձանցից է պահանջում դրսևորել օրինակելի խոսք ու պահվածք:
Հատկապես ողջունելի գործառույթ են կատարում հանրային այն գործիչներն ու իրավապաշպանները, որոնք իրենց գործողություններով ու խոսքով են կանխում լարվածության ցանկացած դրսևորում, ցույց են տալիս բռնության անթույլատրելիությունը, նպաստում են հանրային համերաշխությանը։
Այս ամենին նպաստում է կազմակերպված գործող կեղծ էջերով ու օգտատերերով ատելության ու վիրավորանքի տարածումը:
Ուստի, բոլորին խնդրում ենք սոցիալական ցանցերում որևէ կերպ չներքաշվել նման «քննարկումների»: Պաշտպանը խնդրում է ուշադրություն չդարձնել այդ «քննարկումներին» ձեզ ներքաշելու սադրանքներին, ուղղակի պետք է անտեսել դրանք: Դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում:
Պետք է միշտ հիշել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ու մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց խոսքի ու կարծիքի նկատմամբ՝ ինքներս պահպանելով նշված կանոնները:
Պետք է ապահովել անմիջական հաղորդակցություն քաղաքացիների հետ կանխելու համար որևէ տեսակի ապատեղեկատվություն ու պետք է անհապաղ արձագանքել լարվածության տանող ցանկացած ապատեղեկատվության:
Պետք է զգոն լինեն իրավապահ մարմինները և կանխեն կամ բացառեն իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած տեսակի ապօրինի արարք, բայց բացառապես մեկ պայմանով՝ սեփական գործողություններում ապահովելով իրավունքի գերակայություն ու հավասար մոտեցում բոլոր իրավիճակների նկատմամբ:
Խնդիրն այնքան արդիական է դարձել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել դա լուծելու համար:
Դրանից բացի, ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:
© 2009 ARMENPRESS.am