Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան

17:35, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սասունցի Դավիթ կայարանի հարակից տարածքից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները:

Երթի մասնակիցները կանցնեն Երևանի փողոցներով՝ ակցիայի ընթացքում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:


© 2009 ARMENPRESS.am