Հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին՝ իրականացնելու իրենց գործառույթը.Մանե Գևորգյան

20:45, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- նշել է Մանե Գևորգյանը:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։


© 2009 ARMENPRESS.am