Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանում համալսարանի գործունեությունը

18:20, 10 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Օրակարգում ՀՀ կառավարության և Հայաստանում ամերիկյան համալսարանի միջև համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, հետագա գործունեությանն ու առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցերն էին:

Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանում համալսարանի գործունեությունը, ինչը, ըստ նախարարի, ստեղծում է մարդկային կարողություն՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, և նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը:

«Հատկապես կարևորում եմ մեր համագործակցությունը հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունների և զարգացումների համատեքստում: Մենք մեծ նշանակություն ենք տալիս արհեստական բանականությանը վերաբերող նորարարություններին: Այս թեման պարբերաբար քննարկվում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ»,- ասել է նախարարը:

Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իրենք իրականացնում են տարբեր ծրագրեր՝ երկրի համար առաջնահերթություններ գտնելու և այդպիսով կառավարությանն աջակցելու նպատակով: Նա ևս կարևորել է արհեստական բանականության ոլորտի զարգացումը:

Նախարար Վ. Դումանյանը և համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսն անդրադարձել են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ կարևորելով համալսարանի արձագանքը դրա վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am