Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը

17:53, 9 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Ոչ մի հավելված գոյություն չունի: Ինձ այսօր ասացին, որ ինչ-որ լուրեր կան, թե գոյություն ունեն ինչ-որ հավելվածներ»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով եռակողմ հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումներ իրականացնելու վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու դիտարկմանը՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցերի հրապարակային քննարկումը որևէ օգուտ այս պահին չի բերի:

«Որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել: Հասկանում եմ գայթակղությունը, որ մենք ուզում ենք բոլոր մանրամասներին անդրադառնալ: Ոչ մի խոչընդոտ չկա ԱԺ-ում դռնփակ նիստ հրավիրելու, որտեղ ես պատրաստ եմ բոլոր մանրամասներին անդրադառնալ»,- նշեց վարչապետը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

 

 


© 2009 ARMENPRESS.am