Երբ է տեղի ունեցել Սարգսյանի և Լուկաշենկոյի խոսակցությունը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ձայնագրության իրական լինելը 

11:05, 8 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է դեկտեմբերի 7-ին տարածված ձայնագրության իրական լինելը, որում Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնում է, որ ոչ հրապարակային այդ զրույցը տեղի է ունեցել 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ընթացքում: 

 

«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել

Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»,- ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ

 

Դեկտեմբերի 7-ին համացանցում տարածվել էր քննարկման ձայնագրություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ: Քննարկման ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է համոզել Սերժ Սարգսյանին, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն 7 շրջանները, իսկ Սերժ Սարգսյանը ի պատասխան նշում է, որ չի կարող նման բան անել, քանի որ այդ տարածքներն ազատագրելու համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել: Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշում է, որ 7 շրջանների դիմաց Ադրբեջանի նախագահը պատրաստ է 5 միլիարդ դոլար վճարել, ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծում է, որ ինքը «6 միլիարդ դոլար է առաջարկում, թող Ադրբեջանը հրաժարվի 7 շրջաններից»: 

 


© 2009 ARMENPRESS.am