Փաշինյանը որոշակի տեղաշարժ է արձանագրում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ

12:03, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի տեղաշարժ է արձանագրում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Որոշակի տեղաշարժ կա նաև Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ կարևոր շեշտադրումներ կան` վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու կամքն ու ցանկությունը: Սա ևս մեկ կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարը և ռազմական գործողությունների դադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա:


© 2009 ARMENPRESS.am