Պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել. Փաշինյանը՝ ՀՀ սահմանի որոշ հատվածներում գործընթացների մասին

11:52, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի ունեցող գործընթացներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը թեմային անդրադարձավ ժողովրդին հղած ուղերձի ընթացքում:

«Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, իհարկե, ցավոտ են և ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից: Սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է: Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում: Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, և դրանց լուծման վրա մենք աշխատում ենք: Մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով, և պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել: Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա իրոք սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ: Մենք պետք է՝ գնանք այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am