Դավթաշենի բաժանմունք բերման ենթարկվածի խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել

20:10, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթաշենի 2-րդ թաղամասից դեկտեմբերի 2-ին, ժամը 6.30-ի սահմաններում քրեական հետախույզները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Զովունի գյուղի 18-ամյա մի բնակչի, որի պայուսակից հայտնաբերվել է 25 փաթեթ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Հերթական դեպքը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 6.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Դավիթաշենի 2-րդ թաղամասից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Զովունի գյուղի 18-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ կասկածվողի պայուսակից հայտնաբերվեց 25 փաթեթ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր» ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


© 2009 ARMENPRESS.am