Կողոպուտ Երևանի Բեկնազարյան փողոցում․ Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են ոսկյա շղթան հափշտակողին

20:50, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են նոյեմբերի 22-ին Երևանի Բեկնազարյան փողոցում մի կնոջ պարանոցից բացահայտ ոսկե շղթա հափշտակած և փախուստի դիմած անձին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոյեմբերի 22-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժողից ընդունվեց հաղորդում: Քրեական հետախույզները որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Պռոշյան գյուղի 37-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նոյեմբերի 25-ին ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


© 2009 ARMENPRESS.am