Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան ում հետ կառուցի. վարչապետն անդրադարձավ առաջիկա ծրագրերին

11:47, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, ընդ որում բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության նիստում:

«Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հայ ժողովրդի ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: «Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»,- շեշտեց վարչապետը:

 


© 2009 ARMENPRESS.am