Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

17:09, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախից ՀՀ տեղափոխված միջին և ավագ դասարանների աշակերտների կրթության գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև ինտերնետ կապի մատչելիության ապահովումը՝ Ucom ընկերությունն ընդլայնել է U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս մի շարք սակագնային պլաններում ներառված անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ կրթական ռեսուրսների ցանկը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  Ucom ընկերությունից: 

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության խնդրանքով նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար Google Classroom, ինչպես նաև Microsoft Teams այցելելիս։ Նույն սկզբունքն ամիսներ շարունակ գործում է zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com և etwinning.net կայքերի համար։  

Մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber,  WhatsApp հավելվածներից օգտվելիս։ 


© 2009 ARMENPRESS.am