Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ. այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

08:55, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն օրհասական վիճակում հայտնված, անգամ՝ պարտություն կրած ազգը, պետությունը կարողանում են ճանապարհ հարթել դեպի հաղթանակ, եթե դասեր են քաղում պարտությունից, վերակազմակերպվում եւ վերափոխվում են։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ վերածննդի ծրագիր, ազգային գաղափարախոսություն, որը ուղեցույց եւ ճանապարհ կդառնա ծնկի իջած եւ հոգեբանորեն կոտրված հասարակության համար։

Այսօր մեր հասարակությունը բավականին ծանր վիճակում է, սակայն մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել առավելագույնը վերջնական բարոյահոգեբանական անկումը բացառելու համար։ Չկան չլուծվող խնդիրներ, միգուցե անհավանական հնչի, բայց երբեմն դրանք մեկից ավելին են։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո մեր հասարակության հոգեբանական ծանր վիճակի եւ դրանից դուրս գալու հնարավորությունների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։ Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը, որը հաղթահարելուց հետո միայն կարող ենք խոսել հաղթանակի մասին, ըստ նրա, համախմբումն է։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ ցանկացած պառակտում տանում է կործանման, հետեւաբար ներքին երկպառակությունները հաղթահարելու եւ թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է համազգային համախմբում։ «Այս պահին, ցավոք սրտի, չենք կարող խոսել հաղթանակի մասին, քանի որ մենք շատ պառակտված ենք, ինչը խանգարում է մեկտեղել ուժերը, գիտելիքները։ Այսօր գտնվում ենք կոնֆլիկտի կորի գագաթին, չկա հանրային համերաշխություն»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր սոցիալական հարթակներից հնարավոր չէ հասկանալ իրական հանրային տրամադրությունները, դրա համար անհրաժեշտ են լուրջ հետազոտություններ, հարցումներ։

Թշնամուն մենք տարիներ շարունակ թերագնահատել ենք, անհարկի անհոգություն ցուցաբերել, ծաղրել եւ չենք գիտակցել, որ թշնամին զինվում է եւ պատրաստվում գրավել մեր հողերը։ Նրանք տարիներ շարունակ նպատակադրված եւ հետեւողականորեն քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մենք էլ պետք է իրականում եւ հոգեբանորեն պատրաստվեինք սպասվող պատերազմներին։ Ծատուրյանի կարծիքով, մենք պետք է զորահանդեսներ կազմակերպեինք, քանի որ դրանք հոգեբանորեն բարձրացնում են ազգի մարտական ոգին, հավատը սեփական զինված ուժերի հանդեպ, ինչպես նաեւ ցույց տալիս աշխարհին, թե ինչ կարող է լինել, եթե փորձեն հարձակվել։

«Թե երբ դուրս կգանք այս ծանր հոգեվիճակից, դժվար է ասել՝ հաշվի առնելով մի քանի հազարի հասնող զոհվածներին եւ վիրավորներին։ Ամենակարեւորը՝ պետք է հետեւություններ անենք մեր սխալներից»,- նշեց հոգեբանը՝ հորդորելով հայ մայրերին շատ երեխաներ ունենալ, ինչպես եղավ Սպիտակի երկրաշարժից հետո։

Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո տեսած մարդկային ողբերգությունները թույլ չեն տալիս օրաթերթի զրուցակցին խոսել այդ մասին առանց հուզմունքի, ապրումների եւ անսահման ցավի։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից անցել է 105 տարի, եւ միայն վերջին տարիներին էր արձանագրել, որ նոր սերունդը կարծես հաղթահարել էր ցեղասպանվածի, զոհի բարդույթը. «Աստիճանաբար դուրս էինք գալիս ցեղասպանության ենթարկվածի հոգեվիճակից, երիտասարդ սերնդի մոտ կարծես ձեւավորվում էր բոլորովին այլ հոգեբանություն, շատ երեխաներ չէին կրում ցեղասպանված ժողովրդի հոգեբանական հետքերը։ Իսկ հիմա, փաստորեն, հոգեբանորեն եւ պատմականորեն հետ գնացինք դեպի ողբերգական անցյալ։ Եթե նախկինում պատմաբանների հոդվածներով, ցուցադրած լուսանկարներով էին մեր մեջ արթնացնում անցյալի ցավալի հետքերը, ապա այսօր դեռ բոլոր դիերը չեն էլ հանձնվել հողին, գերիները չեն վերադարձվել»։ Ծատուրյանը նկատեց, որ շատ ծանր է աշխատել մարդկանց հետ եւ սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր ասել, երբ վերջիններս զրկվել են ամեն ինչից կամ գրեթե ամեն ինչից. մեկը տունն ու ունեցվածքն է կորցրել, մեկ ուրիշը՝ ծնողին, երեխային կամ հարազատին, մյուսը՝  տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, մյուսները՝ հոգեբանական եւ հոգեկան ծանր ապրումներ ունեն։ Կան նաեւ մարդիկ, որոնք պետք է հաղթահարեն այս բոլորը միասին։ 

Հոգեբանը նախեւառաջ խորհուրդ է տալիս չհետեւել, չկարդալ վատ լուրերը, որոնք ծանր ապրումներից բացի, ոչինչ չեն տալիս եւ, ընդհակառակը, մարդկանց կարող են մահվան դուռը հասցնել. «Եղել են մարդիկ, որոնք այս օրերին սրտի կաթված են ստացել։ Բացասական տեղեկատվությունը, մարդու հոգեկանը խաթարելուց զատ, որեւէ այլ արդյունք կամ հետեւանք չի ունենում»։

«Արտ թերապիա» կենտրոնի հոգեբան Աննա Հարությունյանը մարդկանց խորհուրդ է տալիս տեղի ունեցածը չդիտարկել որպես վերջնական պարտություն եւ փորձել ծանր հոգեվիճակը հաղթահարելու մեխանիզմներ զարգացնել։ Դրա համար պետք է առաջին հերթին կանգնեցնել բացասական հույզեր, ապրումներ ծնող մտքերը եւ փորձել իրավիճակից դուրս գալու փոքր, բայց գործնական քայլեր եւ տարբերակներ գտնել. «Բացասական մտքերի շղթան պետք է կտրվի, դրա փոխարեն դրվի այն ինֆորմացիան, որը կօգնի հանդարտեցնել հույզերն ու ապրումները։ Ծանր տեսանյութեր, նկարներ նայելով կամ տեղեկություններ կարդալով ոչինչ չեն կարող փոխել, դա լուծում չէ։ Որքան էլ ծանր է, ելք կա եւ հենց դրա հետեւից պետք է գնալ»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am