Ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական նույն օրակարգով շարունակել են հանրահավաքները

17:21, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են հանրահավաքային գործընթացները՝ քաղաքական նույն օրակարգով:

Նոյեմբերի 21-ին ևս Ազատության հրապարակում նրանք պահանջել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրահավաքի ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը նշեց. «Այս օրերի ընթացքում փոխվում են նախարարներ, բայց որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը: Նիկոլ Փաշինյանի այդ փոփոխությունները չեն շեղում մեր ուշադրությունը մեր գլխավոր պահանջից, որ նա անպայման պետք է հեռանա»:

Հանրահավաքային ակցիաները քաղաքական ուժերը սկսել են նոյեմբերի 10-ից հետո, երբ ստորագրվեց պատերազմի դադարեցման եռակողմ՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը: Հայաստանի ներքաղաքական կյանքում դժգոհության ալիք են առաջացրել հայտարարությունում արտացոլված կետերը:


© 2009 ARMENPRESS.am