Լավրովն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվ կլինի ԼՂ-ում մշակութային կոթողների պահպանման գործում

16:48, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա մշակութային կոթողների պահպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ավելի ակտիվ կլինի, քան եղել է Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես երեկ մանրամասն զրուցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ՝ առաջարկելով ավելի ակտիվ զբաղվել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակութային, քաղաքակրթական կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ, ինչը շատ կարևոր ներդրում կլիներ ազգամիջյան հաշտության և այդ հինավուրց տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել մեծ ակտիվություն կցուցաբերի, քան դա տեղի է ունեցել Սիրիայում` առաջին հերթին Հալեպում և Պալմիրայում մշակութային կոթողների պահպանման հարցում: Ուղիղ ասենք, որ այնտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր գործընկերները ոչ այնքան ակտիվ առաջարկեցին իրենց ծառայությունները»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ու կառույցների աջակցությունը:

«Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մենք հետաքրքրված ենք նրանում, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգերը: Դրա առնչությամբ ստացել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիմումը: Կա նույնատիպ դիմում նաև Փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի կողմից»,- նշեց Սերգեյ Լավրովը:

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարական պատվիրակությունը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am