ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

15:34, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ  Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:


© 2009 ARMENPRESS.am