«Իմ քայլի» անդամները չեն մասնակցի ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ խորհրդի նիստին

10:58, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները չեն պատրաստվում մասնակցել ռազմական դրությունը վերացնելու հարցով ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ռազմական դրության նախագիծը բերել է կառավարությունը: Մենք կառավարության գնահատականով և պահանջով ենք այդ որոշումն ընդունել: Մենք հիմա չունենք կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի: Հետևաբար՝ ոչ, մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու: Մեր դիրքորոշումը դեմ է»,- ասաց Նազարյանը:

Նույն հարցով Ազգային ժողովի խորհրդի նիստը նոյեմբերի 17-ին չէր կայացել` քվորումի բացակայության պատճառով:

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն առաջարկում են վերացնել սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am