Չեխական ու լեհական մամուլի արձագանքներն Արցախի շուրջ իրադարձություններին

09:05, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմը, որի սանձազերծման համարձակությունը հակառակորդը ձեռք բերեց միայն այն բանից հետո, երբ Թուրքիան որոշեց ոչ միայն զենք ու զինամթերք մատակարարել, այլեւ սեփական զինվորներ ու ոլորտային հատուկ մասնագետներ, սիրիացի, լիբիացի ու աֆղան վարձկան-ահաբեկիչներ ներգրավել մարտական գործողություններում,  երբ Պակիստանը հաստատեց իր աջակցությունը, երբ Իսրայելը խոստացավ անթիվ-անհամար անօդաչուներ ու այլ զինատեսակներ մատակարարել: Ուշադիր հետազոտությունը, որին շուտով կանցնենք, վստահ եմ, կբացահայտի նաեւ թշնամուն ամեն կերպ աջակցած նոր ուժերի, սակայն նույնիսկ այս պայմաններում Արցախի հայկական ուժերը միայնակ երկար ժամանակ դիմակայեցին թշնամական ուժեղ ճնշմանը եւ պատրաստ էին շարունակել պայքարը…

Համաշխարհային մամուլը լայնորեն քննարկում է այս իրադարձությունները, այդ թվում՝ չեխական ու լեհական ԶԼՄ-ները, որոնք այս օրերին քննարկում են, թե Ռուսաստանն իրեն ինչպես է դրսեւորել Արցախում, ում կարելի է հաղթող համարել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրի արդյունքում, ինչպիսի՞ն են ղարաբաղյան հակամարտության դասերը:

Պատերազմի առաջին օրերին չեխական «Seznam zpravy» թերթը ներկայացրել է հայ ժողովրդի՝ դեպի մարտ մղվելու, նրա հայրենասիրական տրամադրության ու մինչեւ վերջ իր հարազատ հողի համար կռիվ տալու ցանկության մասին, իսկ Ստեփանակերտից ռեպորտաժ ներկայացրած չեխական «Denik»-ն ավելի զգույշ էր՝ շեշտելով, որ զոհերի թիվն աստիճանաբար մեծանում է, եւ քաղաքացիական անձինք որոշել են տեղափոխվել Երեւան:

Վերը նշված հոդվածների հեղինակները գրել են նաեւ հակամարտության արմատների մասին եւ հասկացել հայերի ու ադրբեջանցիների՝ կողք կողքի ապրելու անհնարինությունը:

«Կենցաղում ու սովորույթներով հայերն ու ադրբեջանցիները նման են իրար, բայց երբ արտահայտվում ես այդ մասին, նրանք զարմանում են: Ատելությունն այնքան է նրանց միջեւ խորացել, որ միմյանց կողքի չեն կարող ապրել»,- իրավիճակն այսպես է բնութագրել լեհական «Newsweek Polska»-ն:

Իրենց ռեպորտաժներում հեղինակները հայկական կողմի նկատմամբ ակնհայտ համակրանքով են գնահատում իրավիճակը, փորձում գտնել հակամարտության արմատները եւ ցույց տալ աշխարհում նրա նկատմամբ վերաբերմունքը՝ շեշտելով, որ պատերազմն Ադրբեջանը սանձազերծել է Թուրքիայի հրահանգով:

 

«Ինֆո» (Չեխիա)-«Ղարաբաղ՝ արյունոտ այգի»

 

«Արդեն հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: «Մենք կկանգնենք մեր եղբայրների կողքին ու կավարտենք այն, ինչն սկսել են մեր նախապապերը»,- հայտարարել է նա՝ ակնհայտորեն ակնարկելով 1915 թ. թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը, երբ մեկ տարվա ընթացքում սպանվեցին 1,5 մլն հայ՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ:

Վերլուծաբան Սեթ Ֆրինցմանի խոսքերով՝ սեպտեմբերի 25-ին, այսինքն՝ հարձակումից երկու օր առաջ Անկարան հրահանգեց, որ կառավարամետ ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեն Հայաստանում Քրդական բանվորական կուսակցության վտանգի մասին: «Daily Sabah»-ը գրեց. «Հայաստանը Սիրիայից եւ Իրաքից ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) եւ Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին է ուղարկում գրավյալ Լեռնային Ղարաբաղ՝ ուսուցման համար»: Թուրքիան գրեթե բոլորից շատ լրագրողներ է նստեցրել բանտերում, եւ այնտեղ չկան ԶԼՄ-ներ, որոնք կարող էին կառավարության այդ քայլին դեմ գնալ: Այսպես Անկարան ապահովեց «առիթ պատերազմի համար»՝ պլանավորված ագրեսիային աջակցելու համար:

 

«iDNES» (Չեխիա)-«Համատեղ կեցությունը հնարավոր է, Ղարաբաղի հայերը չեն հրաժարվում»

 

«Մոսկվան Ղարաբաղում պետք է շատ զգույշ գործի, սակայն երկարաժամկետ հեռանկարում նրա դիվանագիտական դիրքորոշումն ավելի շահավետ է: Ռուսաստանը միակ երկիրն է, որն ի վիճակի է երկու երկրներին ստիպել՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Կառլովի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքագետ Սլավոմիր Գորակը:

 

«Fronda» (Լեհաստան)- «Ռուսաստանը հետաքրքրված է Կովկասում թեժ կետի պահպանման հարցում»

 

«1994 թ. կրակի դադարեցման պահից ի վեր ռուսները շեշտը դրեցին ոչ այնքան Հայաստանի, որքան նրա ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության վրա: Ինչպես եւ այլ վայրերում, Մոսկվան հետաքրքրված է հակամարտության օջախի պահպանմամբ, որը կարելի է սրել կամ մարել՝ կախված քաղաքական պահանջմունքից: Կրեմլին շահավետ է իր վերահսկողության տակ պահել երկու երկրներին: Ավելի շատ Ադրբեջանին էր հաջողվել ազատվել նրանից»:

 

«Denik» (Չեխիա)-«Ինչո՞ւ Կրեմլը Հայաստանին թույլատրեց պարտվել»

 

«Մարտերը Ղարաբաղում չավարտվեցին այն ժամանակ, երբ ցանկացավ Մոսկվան, այլ այն ժամանակ, երբ Հայաստանն այլեւս չէր կարող դիմակայել»,- գրում է հեղինակը՝ ձգտելով շեշտել, որ ՌԴ-ն անհուսալի դաշնակից է:

«Ապագայում հասկանալի կլինի, թե ադրբեջանական հաղթանակի մեջ որքան կարեւոր դեր են կատարել թուրքական ու իսրայելական ժամանակակից զենքերը, ինչպես նաեւ այլ օգնությունը, եւ ինչ է արել Ռուսաստանը Հայաստանի համար ու ինչ չի արել: Անկասկած, գնահատական կտրվի Մոսկվայի (ան)հուսալիությանը՝ որպես դաշնակցի եւ, որ ամենակարեւորն է, որպես արդյունավետ զենքի մատակարարի: Այն անունը, որը ռուսական զենքը ձեռք էր բերել Սիրիայում, կարող է կորսվել»:

 

«Onet» (Լեհաստան)-«Հեռավոր Անդրկովկասում փոքր պատերազմից Լեհաստանը պետք է հետեւություններ կատարի»

 

«Որոշ ժամանակ թվում էր, թե իրադարձություններն անակնկալի են բերել ՌԴ-ին: Միաժամանակ նա տարածաշրջան նետեց իր հատուկ նշանակության ուժերը: Մի կողմից՝ Կրեմլը չէր կարող շրջվել իր դաշնակցից, սակայն մյուս կողմից՝ չէր կարող վերջնական խզմամբ ռիսկի ենթարկել ՌԴ-ից կախվածություն չունեցող Ադրբեջանի հետ հարաբերությունները: Մոսկվան դավաճանում է Հայաստանին՝ ստիպելով ընդունել ադրբեջանական տարածքային հավակնությունները, սակայն միեւնույն ժամանակ փրկում է նրան»:

 

«Ինֆո» (Չեխիա)-«Ղարաբաղ՝ արյունոտ այգի»

 

Փաստը, որ Ռուսաստանը շատ շահավետ օգտվեց այն պահից, թեկուզ իր համար տհաճ, երբ խոցվեց ռուսական ուղղաթիռը, նշում է չեխական հանդեսի հեղինակը: Եթե այդ ողբերգությունը չլիներ, դժվար թե Մոսկվային հաջողվեր Ադրբեջանին թեքել դեպի այդ համաձայնագիրը:

«Պաշտոնապես Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց ամբողջ հակամարտության ընթացքում, այսինքն՝ ոչ միայն նրա սրման պահին, որը վերջերս ավարտվեց, Մոսկվան Հայաստանի համար արեց միայն այն, ինչը համապատասխանում էր ռուսական շահերին: Այսպես կոչված հետխորհրդային ՆԱՏՕ-ն, ինչպես կոչվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի օգնությամբ Մոսկվան «օգնում» է դաշնակիցներին, միշտ մնում է խուլ եւ կույր անվտանգության խնդիրների նկատմամբ եւ ձայն է հանում միայն այն ժամանակ, երբ Կրեմլից նախապատրաստված հայտարարություն է գալիս:

Ուստի տեղին է հարցնել՝ ինչի՞ վերաբերյալ Մոսկվան կարող էր պայմանավորվել, եթե ադրբեջանցիները Հայաստանի օդային տարածքում չխփեին ռուսական ռազմական ուղղաթիռ: Հավանաբար, միջադեպը, որն Ադրբեջանն անմիջապես պաշտոնապես ճանաչեց եւ որի համար ներողություն խնդրեց, ստիպեց Բաքվին փոխել իր դիրքորոշումը եւ ընդունել Մոսկվայի առաջարկած պայմանները: Այսպիսով՝ Բաքուն ստիպված էր համաձայնել ստանձնել ծայրաստիճան տհաճ պարտավորություն եւ Ղարաբաղի իր նվաճած շրջաններում ընդունել շուրջ երկու հազար խաղաղապահների:

Ստացվում է, որ ռուսական ուժերը, որոնք անմիջապես տեղափոխվել են շփման գիծ, փաստացի վերադարձել են Ադրբեջան, որը նրանք թողել էին 2012 թ. Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փակումից հետո»:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

 

 

 


© 2009 ARMENPRESS.am