Կոստանտին Տեր-Նակալյանի մասնակցությամբ ծեծկռտուքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

17:56, 17 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «Ադեկվատ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել»,- ասված է հաղորդագրությունում:

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։ Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- հայտնում է ոստիկանությունը:

Նոյեմբերի 16-ի երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվատ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։


© 2009 ARMENPRESS.am