Թուրք քաղաքական գործիչն ահազանգում է ֆինանսական ճգնաժամի հասցրած ծանր վնասների մասին

16:07, 17 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ (DEVA) Ալի Բաբաջանը հայտարարել է, որ վերջին շրջանում լիրայի անկման և ֆինանսական ճգնաժամի արդյունքում Թուրքիան մեծ վնասներ է կրել, որը հատկապես կանդրադառնա թուրք ժողովրդի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին Բաբաջանը ասել է նոյեմբերի 17-ին թուրքական «Սյոզջյու» (Sözcü) օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ։

Ընդդիմադիր կուսակցության նախագահը քննադատական խոսքեր է հնչեցրել երկրի իշխանությունների հասցեին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է գործ ունենալ ճգնաժամերի հետ, սակայն դրանց լուծման համար չկան համապատասխան մեխանիզմներ։ Բաբաջանը նշում է, որ վերջերս աշխատանքից հեռացված Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի օրոք կրկնապատկվել է գանձապետարանի պարտքը, դատարկվել է կենտրոնական բանկը, ծախսվել է գրեթե ողջ արտարժույթային ֆոնդը։

Ալի  Բաբաջանն ասել է. «Մեր կրած վնասը հսկայական է: Ամբողջ ժողովուրդը վճարել է դրա համար և վճարելու է: Հնարավոր չէ կրկնապատկված պարտքը նորմալ մակարդակի բերել երեքից հինգ ամիսների ընթացքում։ Երկրի իշխանությունները տեղյակ չեն, թե ինչ է աշխատանքի բաժանումը կամ օրենքի գերակայությունը»: 

Անդրադառնալով կառավարության վերջին երկու տարվա գործունեությանը, ընդդիմադիր գործիչը նշել է, որ որևէ նշանակալի ձեռքբերում չի եղել, ամեն տեղ միայն կորուստներ են։ Ըստ Բաբաջանի երկրի կառավարման համակարգը պրոբլեմային է, այն բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն այդ խնդիրներից բացի կարևոր է նաև պետական քաղաքականությունը, որը ներկայիս իշխանությունները չեն կարողանում ճիշտ վարել։  Թուրքիան այժմ ապահովագրված չէ, պետությունը անընդհատ բախվում է նորանոր խնդիրների հետ, որոնց, ըստ Բաբաջանի, չեն տրվում ճիշտ լուծումներ։

Իր խոսքի եզրափակիչ մասում Բաբաջանը ասել է, որ երկրի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ժողովրդի վիճակը բարելավելու համար, քանի որ ֆինանսական ճգնաժամից ամենաշատը հենց նրանք են տուժել։

Սեդրակ Սարգսյան

 


© 2009 ARMENPRESS.am