Իմ օրակարգում կայունության ապահովումն է, այլ հարց չկա. Փաշինյանը` հրաժարականի պահանջի մասին

11:46, 16 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու հարց իր օրակարգում չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Իմ օրակարգում մտնում է հանրության մեջ կայունություն և անվտանգություն ապահովելը: Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- ասաց Փաշինյանը` պատասխանելով իր հրաժարականը պահանջող խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերաբերյալ հարցին:

Երևանում նոյեմբերի 11-ից ընթանում են հանրահավաքներ, որոնց ընթացքում արտախորհրդարանական 16 կուսակցություններ պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Նման սցենար են առաջարկել նաև խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:


© 2009 ARMENPRESS.am