Անթալիայում զբոսաշրջիկների թվի անկման պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել

19:48, 13 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի խոշոր տուրիստական կենտրոններից մեկը համարվող Անթալիայում  երկիր ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով խոշոր ֆինանսական խնդիրներ են առաջացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  Անթալիայի ապրանքային բորսայի (ATB) նախագահ Ալի Չանդիրը։

Անթալիայի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նոյեմբերի 13-ին հրապարակել է հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը քաղաք եկած զբոսաշրջիկների թիվը: Անթալիան, որտեղ տարեկան գալիս են միլիոնավոր զբոսաշրջիկներ, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում այս տարի հյուրընկալել է ընդամենը 3 միլիոն 276 հազար 627 զբոսաշրջիկի: Անթալիա ժամանած տարբեր ազգությունների մեջ առաջին տեղում ռուսներն են՝ 1 միլիոն 402 հազար 578 մարդ: Այս տարվա ցուցանիշները զգալիորեն ցածր են նախորդ տարվա ցուցանիշներից։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդ տուրիստական սեզոնի նույն ժամանակահատվածում միայն Ռուսաստանից Անթալիա է այցելել  ավելի քան 5 մլն 414 հազար  զբոսաշրջիկ:

Անթալիայի ապրանքային բորսայի նախագահ Չանդիրը ասել է․ «Թուրքիայում դրամական փոխառությունները ավելացել են 12%-ով, մեր քաղաքում դրանք ավելացել են ավելի քան 30%-ով։ Անթալիայի բիզնես ոլորտը փրկելու համար սա առաջնային և միակ միջոցն էր»։  Ըստ Չանդիրի, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում  երկրի  մյուս շրջանների համեմատ Անթալիայում տնտեսական խնդիրները ավելի ծանր են, քանի որ քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջություն է։

Անթալիայի արհեստավորների և արվեստագետների ասոցիացիայի (AESOB) նախագահ Ադլիհան Դերեն հայտարարել է, որ բիզնես ոլորտով զբաղվող անհատներն ու կազմակերպությունները համաճարակի ընթացքում տուրիստների թվի նվազման պատճառով ստիպված էին վարկեր վերցնել, և հիմա չեն կարողանում վճարել դրանք: Ադիլհան Դերեն ասում է. «Մեր գործարարները, ովքեր բանկերից վարկեր էին վերցնում, չեն կարողանում վճարել իրենց վարկերը։ Նրանք չունեն հնարավորություն իրենց պարտքերը վճարելու, սեզոնին պատրաստվելու և համաճարակային գործընթացում գոյատևելու համար, նրանց վարկային վարկանիշները իջեցվել են, և այլևս չկա հնարավորություն նոր վարկեր վերցնելու համար։ Վարկի պարտքերը պետք է հետաձգվեն առանց տոկոսադրույքի և առևտրականներին կանխիկ աջակցություն պետք է ցուցաբերվի գոյատևելու համար»:

Նա նշում է, որ ԱՆթալիայի բիզնես ոլորտը շատ լուրջ ճգնաժամի մեջ է, և եթե պետությունը վճռական քայլեր չձեռնարկի իրավիճակը շտկելու ուղղությամբ, այդ ճգնաժամը ավելի կխորանա։

Սեդրակ Սարգսյան


© 2009 ARMENPRESS.am