ՀՀ վարչապետը Մեղրին հանձնելու մասին լուրերն անհեթեթություն է համարում

14:53, 12 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին հղած ուղերձում Մեղրին հանձնելու մասին լուրերը բացարձակ անհեթեթություն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետը, անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված փաստաթղթի բովանդակությանը, նշեց, որ խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին:

«Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, ապա այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում Ադրբեջանից դեպի Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երևանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am