ԲՀԿ-ական պատգամավորները մուտք են գործում ԱԺ. սկսում են արտահերթ նիստ գումարելու գործընթաց

17:05, 11 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք մասնակցում են 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, մուտք են գործում խորհրդարանի շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք սկսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցի քննարկման արտահերթ նիստ գումարելու գործընթաց:

«Մենք հիմա մտնում ենք Ազգային ժողովի շենք և սկսում ենք արտահերթ նիստ գումարելու գործընթաց: Սպասում ենք «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին, «Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավորներ, սպասում ենք ձեզ Ազգային ժողովում»,- ասաց Զոհրաբյանը:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել 129 քաղաքացիների, որոնցից 41-ն արդեն ազատ են արձակվել:

 


© 2009 ARMENPRESS.am