Նախատեսվում է տարրական դասարաններից սկած ներմուծել համակարգչային գիտությանն առնչվող առարկա

15:54, 9 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցներում 2-րդ դասարանից սկսած ներմուծել «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանումով առարկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ տեխնոլոգիական կրթությունը զգալի ընդլայնելու են: Քննարկվում է երկրորդ դասարանից սկսած «Ինֆորմատիկա» առարկայի ձևաչափն էապես փոխելու և ուսուցման հնարավորություն տալու հարցը: «Եվ քննարկվում է «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանմամբ առարկա ունենալու հարցը, որը պետք է մեզ թույլ տա շատ ավելի վաղ տարիքից հասնել այն արդյունքներին, որոնք մենք ցանկանում ենք տեսնել դպրոցի ավարտին»,- ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ որոշակի ժամանակ կպահանջվի փոփոխությունների արդյունքները տեսնելու համար:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am