Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է հատուցումներ տրամադրելու գործընթացը

14:00, 7 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն»,- գրել է Ստեփանյանը:

Հիմնադրամի «Ֆեյսբուքի» էջը հայտնում է, որ հատուցումները շարունակական բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում ստացած 10 ընտանիքներով:

«Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականության: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։


© 2009 ARMENPRESS.am