Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է

15:39, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

«Ադրբեջանական կողմի հայտարարությունների հետ կապված՝ պետք է հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը, որն օժտված է միջազգային հանրության մանդատով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է` Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսքով»,- ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծում և ռմբակոծում է Արցախի բոլոր քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտն ու մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, բժշկական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, կրթաշմակութային և կրոնական հուշարձանները:

«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բազմաթիվ երկրների ղեկավարների ու միջազգայն հեղինակավոր կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է և շարունակում է խախտել կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է փոխվարչապետը:

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։


© 2009 ARMENPRESS.am