Ադրբեջանն անկարող է լինել հանձնառու իր համաձայնության իրականացմանը. Մնացականյան

12:46, 5 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով` Ադրբեջանն անկարող է պատասխանատու և հետևողական լինել հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ իր համաձայնության իրականացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Երեք անգամ երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու մեջ, երեք անգամ Հայաստանը լրջագույնս ապահովել է դրա համաձայնությունը, և երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը: Հավանաբար, Ադրբեջանը նաև ուղղորդվել է այլ դերակատարի` Թուրքիայի կողմից: Մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնության իրականացման գործում»,- ասաց Մնացականյանը:

ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել զինադադարի հասնելու ուղղությամբ:

«Կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը: Այդ առումով նույնպես այսօր աշխատանքներ տարվում են, մեզ անհրաժեշտ է դրան հասնել»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am