Քեզ հետ ենք, Վիեննա. Արցախը համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է. ՀՀ վարչապետ

12:33, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում է համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահություն հայտնելով, որ քաղաքակրթությունը պիտի հաղթի:

«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։  Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՜ հաղթի։  Քեզ հետ ենք, Վիեննա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է ՀՀ վարչապետը։

Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված մի քանի մարդ կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում: Հարձակումներից մեկը եղել է սինագոգի մոտ, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ընդհանուր առմամբ՝ սպանվել է 3 մարդ, 15-ը վիրավոր է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիր էր:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից՝ նշելով բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ: 


© 2009 ARMENPRESS.am