ԱԱՏՄ մասնագետները դիտարկումներ են անցկացրել արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում

20:32, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ եւ իրազեկման աշխատանքներ են տարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայում որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից:

«Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակների ճիշտ կրման, ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am