Զորահավաքի ենթակա անձի մոտ COVID-ի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը

12:11, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

«Կրկին հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից: Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է, թե անձի նմուշին համապատասխանությունը և թե նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,-նշել է Արտյոմ Սմբատյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ: Հանդիպմանը նախանշվել էր նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները:


© 2009 ARMENPRESS.am