Շուշիում Ադրբեջանի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

10:56, 31 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ստեփանյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 30-ի հանդիպումից և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից հետո հոկտեմբերի 31-ի լուսաբացին Արցախի մայրաքաղաքը կրկին արթնացել է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:  Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:  


© 2009 ARMENPRESS.am