Արցախի ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ

09:37, 30 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են»,-նշել են ՊՆ-ից:


© 2009 ARMENPRESS.am