ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը

21:46, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արել շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման:

«Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am