ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

10:52, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է կենգրեսականը: 

«Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն, ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»,-նշել է նա` հրապարակելով հոկտեմբերի 23-ին Պոմպեոյին կոնգրեսականների ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ և ստորագրել ևս 24-ը։ 

Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:


© 2009 ARMENPRESS.am