Իրանը կհանդուրժի այնքան, քանի դեռ պատերազմն իր տարածքին չի բերել շատ մեծ վնասներ. իրանագետ

20:04, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը հայկական կողմի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կհանդուրժի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմն իր տարածքին չի բերել շատ մեծ վնասներ ու ավերածություններ: Իրանագետ Ահարոն Վարդանյանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմի արձակած հարվածները վնաս են հասցրել նաև Իրանի տարածքին ու բնակիչներին:

«Կարծում եմ կհանդուրժի այնքան, քանի դեռ շատ մեծ, աղետալի վնասներ չի բերել այս պատերազմը: Իհարկե, արկեր ընկնում են, բայց, երբ կլինեն շատ զոհեր և մեծ ավերածություններ, Իրանը կներքաշվի այս հակամարտությունում: Քանի դեռ չկան այդպիսի աղետալի հետևանքներ, առայժմ իրենք սպասողական վիճակում են: Իրանը բացարձակապես չեզոք երկիր է այս հակամարտությունում, բավական հավասարակշռված, դրական չեզոքություն ունի: Չի աջակցում կողմերից որևէ մեկին և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունը դադարեցվի»,- ասաց Վարդանյանը:

Իրանագետը նշեց, որ Իրանին այստեղ այլ խնդիրներ են մտահոգում, մասնավորապես իր սահմանին մոտ ահաբեկիչների տեղակայման հարցը, և, եթե հետախուզությունը բավարար տվյալներ ունենա այնտեղ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ, Իրանը կարող է հարված հասցնել նշված վայրերին:

«Իր հյուսիսային սահմաններին մոտեցված ռազմական տեխնիկան, կարծում եմ, որ միայն պաշտպանական նպատակով է, որևէ գործողություններ չեմ կանխատեսում, որ կձեռնարկի: Հնարավոր է, որ, եթե հետախուզական տվյալներ ունենա, որ որևէ տեղամասում կան ահաբեկիչներ, հնարավոր է նաև հարվածներ հասցնի այդ ահաբեկիչներին: Ադրբեջանի կամ ՀՀ զինված ուժերի վրա հարձակում չեմ կանխատեսում: Իրանին միայն մտահոգում է ահաբեկիչների հարցը: Նա վատ հիշողություններ ունի իր սահմաններում ահաբեկիչների առկայության հետ կապված»,- նշեց իրանագետը:

Ահարոն Վարդանյանի խոսքով` Իրանն այս փուլում առավելապես դիվանագիտական ջանքեր է գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Իրանը կփորձի նաև միջնորդական առաքելությամբ հանդես գալ: Առայժմ միայն դիվանագիտական ճանապարհով քայլեր կձեռնարկեն և այլ կարգի միջամտություն այս պատերազմական գործողություններում այս պահին չեմ տեսնում»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչիի Երևան, Մոսկվա և Բաքու կատարելիք այցին, Ահարոն Վարդանյանը նշեց, որ այդ այցի ընթացքում կարող է քննարկվեն նաև ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը, որի հետ կապված Իրանը ևս մտահոգություններ ունի:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան.  նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով:

Հոկտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արագչին այցելել է երկրի հյուսիս-արևմտյան Արդեբիլ շրջանի Փարսաբադ Մոգան օդանավակայան՝ ԼՂ հակամարտության գոտուն սահմանակից տարածքները ստուգելու համար:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am