Թուրքիայի տնտեսության անկման ֆոնին Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները

17:15, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում, իսկ ազգային արժույթը շարունակում պատմական ամենացածր արժեքները գրանցել, նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է անում իր երկրի քաղաքացիներին հրաժարվել խոշոր ներմուծող` Ֆրանսիայի ապրանքներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Անկարայում ելույթի ընթացքում:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև 2018թ. առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ եվրո:

Էրդողանն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերությունների սրմամբ պայմանավորված:

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը: Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին:

 


© 2009 ARMENPRESS.am