Հրադադարի խախտում. Ադրբեջանը հրետանային կրակ է վարել Արցախի դիրքերի ուղղությամբ

09:15, 26 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրե»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ԼՐԱՑՈՒՄ- Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ 

Հոկտեմբերի 25-ին պայմանավորվածության մասին հայտարարեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները համատեղ հայտարարությամբ` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ 


© 2009 ARMENPRESS.am