Աջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում

15:47, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ալիք Մեդիա»-ն տեղեկացնում է, որ ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:

Ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ երթի ընթացքում հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումից, այլև Քոբուլեթից, Գուրիայից ու Աջարիայի այլ քաղաքներից»,-ասել է նա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են անցկացնում՝ իրենց աջակցությունը հայտնելով Արցախին:


© 2009 ARMENPRESS.am