Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս- արևմուտքում

13:39, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Isna» գործակալությանը, զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը։

«Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության հայտարարվող նպատակը՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունները բարելավելը, մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելն է»,- նշում է իրանական լրատվամիջոցը։

Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր էին հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ «ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին. երկրի անվտանգությունն ապահովելու համար տանկեր և այլ զինտեխնիկա են տեղակայվել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում (սահմանակցում է Նախիջևանին)»,-նշել էին իրանական ԶԼՄ-ները։

 


© 2009 ARMENPRESS.am