Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքը հեռուստամարաթոնին նվիրաբերեց 1 մլն 200 հազար 860 դոլար

13:29, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1 մլն 200 հազար 860 դոլարի նվիրատվության խոստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռուստամարաթոն-դրամահավաքն անցկացվել է «Արցախն ուժեղ է» խորագրի ներքո:

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանն իր երախտիքի խոսքն ասաց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան դրամահավաքին: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է Արցախի աջակցության համար ակտիվ մասնակցությունն ու օգնության ձեռք մեկնելը:

Ավստրալիայի դրամահավաքը գալիս է գումարվելու ավելի վաղ համայնքի հանգանակած 1.4 միլիոն դոլարին: Հանգանակությունը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի համար անցկացվող «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները ոչ միայն ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ, այլև կազմակերպում են դրամահավաքներ, հավաքագրում են մարդասաիրական օգնություն Հայաստանին ու Արցախին աջակցելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am