Արցախցի կանայք Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են Արցախի անկախության ճանաչումը

14:43, 24 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի կանայք, որոնք Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմի պատճառով ստիպված լքել են իրենց տներն ու ժամանակավորապես հաստատվել Երևանում, Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են աշխարհի երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը:

«Մեր պահանջն այն է, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ տարբերակը դա է, կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն այդ պետությունների դեմ, և աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Այսօր մեզ համար կարևոր է ամեն մեկի ձայնը: Այս ճանաչումն այսօր ոչ միայն մեզ է պետք, այսօր այդ ճանաչումն աշխարհին է պետք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, որոնք Արցախի անկախության պահանջով ցույցեր են անցկացնում արտերկրում, այն քաղաքներին, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, վստահ եմ, որ ծավալվելու է անկախության ճանաչման այդ շարժումը»,- նշեց Սարգսյանը:

Նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանը հավելեց, որ իրենք միջազգային կառույցներից և աշխարհի երկրներից մարդասիրական օգնություն չեն ակնկալում:

«Մենք ոչ մի մարդասիրական օգնություն չենք ուզում: Ցանկանում ենք, որպեսզի միջազգային կառույցներն ու պետությունները կանգնեն մեր կողքին` բոլոր իրավական ճանապարհներով»,- ասաց Լիանա Ադամյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով իր ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am